«Ամերիաբանկը» կառաջարկի անշարժ գույքով ապահովված վարկերի պարզեցված ընթացակարգ: Այդ մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բանկի` մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

Անշարժ գույքի լիկվիդային արժեքի ու հաճախորդի վարկունակության հիման վրա կհաստատվեն անշարժ գույքի գրավադրմամբ վարկային սահմանաչափեր, որոնց ներքո հնարավոր կլինի ստանալ վարկ, վարկային գիծ կամ օվերդրաֆտ, ընդ որում՝ վարկային հայտը լրացուցիչ չի ուսումնասիրվի:Եթե պարզվի, որ հաճախորդն ուզում է վարկ՝ անշարժ գույքի իրացվելի արժեքի մինչեւ 30%-ի չափով, ապա այն կարող է տրամադրվել նաեւ առանց վարկունակության լրացուցիչ գնահատման: Իսկ վարկունակության գնահատման դեպքում հնարավոր կլինի վարկ ստանալ շենքի կամ հողամասի արժեքի մինչեւ 60%-ի չափով:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ընդ որում, այդ ֆինանսական սահմանաչափը որոշվելուց հետո, հաճախորդը այն կկարողանա մեկ տարի օգտագործել որպես վարկային գիծ՝ բանկի տարբեր ծառայություններից օգտվելու համար, բայց արդեն՝ առանց գույքի լրացուցիչ գնահատման եւ վավերացումների՝ նոտարական գրասենյակում կամ կադաստրում:

Բարսեղյանն ընդգծեց, որ ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ հիմա գույքի արժեքը կգնահատեն անկախ կազմակերպությունները: «Գնահատման գործառույթի մեջ մենք ներգրավված չենք», - նշեց նա:

Հաճախորդը պետք է նաեւ հաշվի առնի, որ խոսքը գնում է գույքի իրացվելի, այլ ոչ թե շուկայական արժեքի մասին: Սակայն կրկին, արժեքները որոշում եւ բանկին են ներկայացնում անկախ գնահատողները: «Այսօր անշարժ գույքի իրացվելիությունն այդքան էլ բարձր չէ, հետեւաբար՝ իրացվելի ու շուկայական գների մեջ որոշակի տարբերություն կա, որն էլ գնահատողներն արտացոլում են», - նշեց Բարսեղյանը:

Ապագայում բացառված չէ, որ պարզեցված մոտեցումը կիրառվի նաեւ շարժական գույքով ապահովված վարկերի համար:

Այս կապակցությամբ բանկի՝ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց, որ բանկն այսօր շուկայի առաջատարն է ավտոմեքենաների վարկավորման եւ առաջատարներից մեկը՝ լիզինգի պորտֆելով: «Այնպես որ շարժական գույքի հետ աշխատելու մեծ փորձ ունենք», - հիշեցրեց նա:

Նշենք, այս պահի դրությամբ «Ամերիաբանկից» վարկային պորտֆելը կազմում է շուրջ 410 միլիարդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19,7%-ով, այդ թվում ՓՄՁ եւ ֆիզանձանց վարկերի պորտֆելը՝ 35%-ով, իսկ միայն ՓՄՁ-ներինը՝ 55%-ով: