Ռուսաստանի վարչապետ, «Եդինայա Ռոսիյա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուղերձ է հղել Երեւանում անցնող ՀՀԿ 16-րդ համագումարի մասնակիցներին։
Ուղերձը ընթերցել է «Եդինայա Ռոսիյա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը։
«Մեր երկրներին միացնում են բարեկամության ու բարիդրացիության բազմադարյա կապերը։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո այդ կապերն ավելի են ամրապնդվել։ Այսօր երկու պետությունների կառավարությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն նախագծերի խորացմանը եվրասիական տարածքում, կայունության ու անվտանգության ամրապնդմանը Անդրկովկասում։
Ռուս- հայկական հարաբերությունները բազմաթիվ ոլորտներ են ընդգրկում՝ առեւտրատնտեսական, ներդրումային, մշակութային ու հումանիտար։ Այս բազմակողմանի գործընկերության կարեւոր մասն է «Եդինայա Ռոսիյա» եւ ՀՀԿ կուսակցությունների համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր միջկուսակցական փոխգործակցությունը այսուհետ էլ հաջողությամբ կզարգանա, իսկ ֆորումը կարեւոր փուլ կդառնա կուսակցության գործունեության մեջ, կնպաստի Հայաստանի առաջ ծառացած հրատապ սոցիալական ու տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը։ Համագումարին մաղթում եմ արդյունավետ աշխատանք հանուն եղբայրական Հայաստանի, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում»,- ասվում է Դմիտրի Մեդվեդեւի ուղերձում։




























