Սերժ Սարգսյանը դժգոհ է հրապարակային գործունեություն իրականացնող այն կուսակցականներից, որոնք անզգույշ են իրենց հանրային խոսքում եւ  հարվածում են կուսակցության հեղինակությանը։ Այս մասին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է այսօր՝ նոյեմբերի 26–ին, Երեւանում մեկնարկած ՀՀԿ 16–րդ համագումարում։

«ՀՀԿ–ն աչք ծակող խնդիրներ ունի հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների հետ՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով: Անշուշտ, վերջին տարիներին շատ է հղկվել ՀՀԿ-ականների խոսքի ոճն ու բովանդակությունը: Փոխել ենք շատ տարածված խոսելաձեւը, քամահրական ու վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը եւ այլն: Բոլոր այս տիպի երեւույթները նվազել են, չտեսնել դա արդար չէ: Բայց չի կարելի չնկատել, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում հրապարակայնորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը: Պետք է ընդունեն բոլորը, որ ցանկացած հրապարակային խոսք տնային աշխատանք է պահանջում, անցել են ամենագետների ժամանակները: Ապագան աշխատասեր եւ յուրաքանչյուր մտքի վրա ջանք թափող գործիչներին է: Այս մասով առանձին մարմին կստեղծենք կուսակցությունում, որտեղ ծնվող նոր գաղափարները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար»,– ասել է Սերժ Սարգսյանը: