2017 թվականի փետրվարին Հայաստանում կգործարկվի ԵՏՄ-ի բեռների մաքսային հայտարարագրումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային վերահսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը:
2016-ի սեպտեմբերից Հայաստանի մաքսայինն արդեն կիրառում է Եվրասիական միության մաքսային արժեքի հայտարարագրման միասնական նմուշը: Իսկ հաջորդ տարվա փետրվարից ծրագրվում է անցում կատարել բեռների մաքսային հայտարարգրմանը, այսինքն՝ միասնական ստանդարտներ կիրառել բոլոր ներկրվող ապրանքների փաստաթղթավորման համար:
«Բայց դրա հիմնական մասն արդեն գործում է Եվրասիական միության ձեւաչափով: Հիմա մեր ներկրողները կարող են մաքսային արժեքի հիմնավորմամբ հայտարարագիր ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, իրենց աշխատասենյակից»,- նշեց Սաղոյանը:
Նոր կանոնների համաձայն՝ եթե մաքսային մարմինները համաձայն չեն գների հիմնավորման հետ, նրանք պետք է էլեկտրոնային հիմնավորում թողնեն, որի պատճենը կփոխանցվի ներկրողին:
Մնում է մեկ քայլ առաջ գնալ եւ բեռների մաքսային հաստարարագրման միասնական նմուշ ընդունել, ինչն էլ տեղի կունենա 2017 թվականին:




























