Երեւանյան լճի մոտից բերման ենթարկվելիս ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու եւ նրան մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող մարմնավաճառ Անահիտ Ս.-ն դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության 2015 թ. նոյեմբերյան մի օր, կեսգիշերին մոտ Անահիտը գործընկերուհու հետ գտնվել է Երեւանյան լճի մերձակայքում կայանված «Մերսեդեսի» մեջ:
Մոտեցել են ոստիկաններ ու պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով փորձել են բերման ենթարկել նրանց:
Անահիտը չի ենթարկվել, վիճաբանության մեջ է մտել իրենց պարտականությունները կատարող ոստիկանների հետ: Նա իջել է մեքենայից, մոտեցել է ոստիկան Գրիգորյանին եւ ձեռքերով հարվածել է վերջինի դեմքին, ճանկռել է դեմքն ու պարանոցը, քաշքշել է համազգեստը՝ պատճառելով ոստիկանի շրթունքների ներսային մակերեսների արյունազեղումներ ու սալջարդ վերքեր, աջ ստորին կոպի, աջ այտային, պարանոցի շրջանների քերծվածքներ, պարանոցի շրջանի արյունազեղումներ:
Անահիտ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով: Անահիտ Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման ու 450 հազար դրամ տուգանքի:
Դատարանը հաշվի է առել, որ Անահիտ Ս.-ի խնամքին երկու անչափահաս երեխաներ կան։
Դատական ակտով սահմանված է, որ դատավճռի կատարման ընթացքում Անահիտի երկու անչափահաս որդիների խնամքը հանձնվում է Երեւան համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնին՝ պարտավորեցնելով կազմակերպել երեխաների հսկողությունը, խնամքը, անհրաժեշտ սոցիալական ու բժշկական օգնությունը:




























