Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 28-ին, պետք է ցուցմունք տար հարուցված գործի շրջանակում վկա ճանաչված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սամվել Սերոբյանը, սակայն, նա դատարանի տեղեկացրեց, որ առողջական խնդիրներ ունի` ստամոքսի ցավ, գլխացավ եւ սրտխառնոց: Դատարանը որոշեց նրա համար շտապօգնություն կանչել եւ հայտարարել ընդմիջում:
Բժշկի զննությունից հետո կորոշվի դատական նիստը շարունակելու հարցը:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























