Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մունիեկսը, օգտագործելով «Երրորդ կողմի» իր իրավունքը, ուղերձով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ասվում է Եվրահանձնակատարի քարտուղարության հաղորդագրության մեջ, որը ուղարկվել է   Turan գործակալությանը։

Ուղերձը կապակցված է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ փաստաբան Հալիդ Բագիրովի բողոքի գալիք քննարկման հետ՝ նրան փաստաբանական լիազորություններից զրկելու կապակցությամբ։

Փաստաբանին հետապնդելու պատճառը նրա ակտիվ մասնակցությունն է մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, իսկ անմիջական պատճառն են դարձել 2014-ի սեպտեմբերին Շեքինյան վերաքննիչ դատարանում Իլգար Մամեդովի գործով փաստաբանի դիտողությունները ։

Եվրահանձնակատարը իր ուղերձը հիմնավորել էր նրանով, որ Հալիդ Բագիրովը պաշտպանում էր հայտնի իրավապաշտպանների ու հասարակական գործիչներ  Լեյլա ու Արիֆ Յուսուֆների, Ռասուլ Ջաֆարովի, ու Հիլալ Մամեդովի իրավունքները։ Նա մտադիր էր պաշտպանել նաեւ Հադիջա Իսմայիլովային, սակայն զրկվել էր լիցենզիայից։

Եվրահանձնակատարը նշում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։

Ընդդիմախոսների դեմ ճնշումները, դատական հետապնդումները լայնորեն տարածված երեւույթներ են Ադրբեջանում։

Եվրահանձնակատարը համարում է, որ «Ադրբեջանը ի վիճակի չէ կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները»,- ասված է ուղերձում։

Եվրահանձնակատարը նշում է նաեւ,  որ Բաքուն անտեսում է ՄԻԵԴ-ի վճիռները։

Փաստաբաններին իրենց պարտավորությունների կատարման հնարավորությունից զրկելու  քաղաքականությունը գործիք է, որից իշխանությունները օգտվում են նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։ Դրանից հիմնականում տուժում են այն իրավաբանները, որոնք մարդու իրավունքների ու իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում, նշված է ուղերձում։