Խոսակցություններն այն մասին, որ մի քանի օրում կամ մեկ գիշերվա ընթացքում 7000 մարդ է անդամակցել ՀՀԿ-ին, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Նրա խոսքով ՀՀԿ-ն կենդանի կառույց է, ու ամեն օր մարդիկ են անդամակցում կուսակցությանը։ «Ես կարծում եմ, որ 7000 մարդ անդամակցել է ՀՀԿ-ին վերջին շաբաթվա ընթացքում, եւ ես դա արտառոց չեմ համարում։ Դա նորմալ երեւույթ է։ Իշխող, ազդեցիկ քաղաքական ուժին միշտ ավելի մեծ քանակության մարդիկ են անդամակցում, քան մյուս քաղաքական ուժերին, որոնք լուրջ նշանակություն չունեն, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին, համապետական ընտրություններին կամ տեղական կառավարման մարմինների ըտրություններին»,- նշել է Գագիկ Մելիքյանը։ Բնական է, շարունակել է նա, որ նման ուժերը «խանդի տեսարան» են սարքում։ «Նրանք նույնիսկ երազում չեն տեսնում 7000 անդամ։ Իհարկե նրանց համար դա ահասանելի ու անհասկանալի երեւույթ է։ Նման քաղաքական ուժերի հայտարարությունները կարելի է միայն բամբասանք համարել, ոչ ավելին։ Չարժե լուրջ վերաբերվել նման հայտարարություններին, մանավանդ այն փոքր ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք լուրջ ազդեցությունից զուրկ են»,- ամփոփել է Գագիկ Մելիքյանը։




























