Ճապոնիայում Նոր տարին ամենասիրելի տոներից մեկն է: Նոր տարին կամ ճապոներեն՝ Օ Սյոգացուն, ինչպես ամբողջ աշխարհում, Ծագող արեւի երկրում սկսվում է հունվարի 1-ին: Մինչդեռ նախկինում ճապոնացիները Նոր տարին դիմավորում էին լուսնային օրացույցով եւ համընդհանուր ընդունված ամսաթվին են անցել միայն 19-րդ դարավերջին:

Ճապոնիայում, իհարկե, գոյություն ունեն սեփական ավանդույթներ ու խորհրդանիշներ: Այսպես՝ սովորական տոնածառերի փոխարեն, Ճապոնիայի բնակիչներն իրենց տները զարդարում են ձեռակերտ կադոմացուով, ինչը նշանակում է «սոճի մուտքի մոտ», որը զարդարված է ձարխոտի ճյուղերով, մադարիններով, ջրիմուռների փնջերով կամ չորացրած ծովախեցգետնով: Զարդարանքի յուրաքանչյուր դետալ հատուկ իմաստ ունի: Ճապոնացիների բնակարանները նույնպես զարդարվում են ամանորյա հատուկ ատրիբուտներով. համաիմներ՝ նետեր, որոնք նախատեսված են չար հոգիներից կացարանը պաշտպանելու համար, տակարաբունե՝ փոքրիկ նավեր, որոնք լցվում են բրինձով, լոբով, ոսպով եւ զանազան այլ իրերով: Համարվում է, որ այդպիսի յուրաքանչյուր նավով լողարկում են հաջողության աստվածությունները:

Բուդդայական կրոնի համաձայն՝ մարդու մեջ 6 արատներ են պարփակված՝ նա կարող է լինել ագահ, ժլատ, չար, հիմար, թեթեւամիտ եւ անվճռական: Դրանցից յուրաքանչյուրն ունի 18 երանգ: Զանգի ղողանջը ճապոնացուն ազատում է այդ պատուհասներից մեկից: Այդ պատճառով ճապոնացիները Նոր տարին դիմավորում են զանգի 108 ղողանջների ներքո:

Ճապոնացիները զուսպ եւ հանդարտ մարդիկ են: Նոր տարին համարվում է տնային, ընտանեկան տոն: Օմիսոկա նո Երուն կամ տոնական ճաշկերույթը սկսվում է դեկտեմբերի 31-ի երեկոյան եւ չի ուղեկցվում աղմկոտ ու բարձր խոսակցություններով կամ զգացմունքների բուռն արտահայտությամբ: Հակառակը՝ ճապոնացիները նախընտրում են նստել եւ լավ խորհել՝ հիշելով անցած տարվա գլխավոր իրադարձությունները:

Ուշագրավ է, որ ճապոնացիները սիրում են միմյանց բացիկներ եւ շնորհավորանքներ ուղարկել: Տոնական օրերին նամակների թիվը հասնում է 4 միլիարդի:

Նոր տարին դիմավորելով՝ ճապոնացիները քնում են: Ընդունված է, որ նոր տարվա առաջին օրվա լուսաբացին նավով մոտենում են երջանկության 7 աստվածները: