Գլենդեյլում մի հայ է կալանավորվել, նա զենքն ավտոմեքենայից փողոց էր գցել, երբ նրան կանգնեցրել էր ճանապարհային ոստիկանությունը։
Ոստիկանությունը կանգնեցրել էր ավտոմեքենան, որում Գրիգոր Թոսունյանն էր ու Էդվին Կարապետյանը, անվտանգության ամրագոտիները չկապելու համար։ Բացի դրանից Կարապետյանի մոտ, որը մեքենան էր վարում, վարորդական իրավունքների ժամկետները սպառված էին, հայտնում է «Los Angeles Times»–ը։
Խուզարկության ընթացքում ավտոմեքենայում գտել են թմրանյութեր, Թոսունյանի մոտ էլ գտել են մետամֆետամինի նման նյութ։ Բացի դրանից մեքենայում գտել են երեք բջջային հեռախոս, ավելի քան 400 դոլար ու մոտ 60 փամփուշտ։
Ատրճանակը, որը դեն էր նետվել ավտոմեքենայից, գտել էր տեղի բնակիչներից մեկը իր տան մոտ։ Ոստիկանները պարզել են, որ հենց Թոսունյանն էր ատրճանակը ավտոմեքենայից դեն նետել։ Կարապետյանը նույնպես կալանավորվել է իրացման նպատակով թմրանյութեր, նաեւ մետամֆետամին պահելու ու ժամկետն անց վարորդական իրավունքով մեքենա վարելու համար։




























