Առաջիկա մեկ ամսվա ընթացքում «Ամերիաբանկը» նախատեսում է վարկային համաձայնագիր կնքել միջազգային ֆինանսական հաստատություններից մեկի հետ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Թեեւ գործընկերը միջազգային է, միջոցները կտրամադրվեն հայկական դրամով, ինչը կօգնի ավելացնել տեղական արժույթով վարկավորումը, նշեց նա:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Ընդհանուր առմամբ, մոտակա ամիսներին բանկը նախատեսում է ներգրավել եւս $70 մլն-ի վարկային միջոցներ՝ միջազգային պայմանագրերով, Հայաստանի տնտեսությանը վարկավորելու համար: «Մենք կամրապնդենք համագործակցությունը մեր գործընկերների հետ, ինչպես նաեւ Հայաստանի շուկան կներկայացնենք նոր ֆինանսական կառույցներին», - ասաց Հանեսյանը:
Վերջին մի քանի տարում միջազգային համաձայնագրերով բանկը ներգրավվել է ավելի քան $300 մլն:
Անցած մեկ-երկու տարում վարկավորման պահանջարկը Հայաստանում փոքր-ինչ նվազել է, սակայն ապագայում սպասվում է ակտիվության վերականգնում: Ուստի ցանկալի է կանխավ պատրաստվել՝ հետագա պահանջարկը բավարարելու, նշեց բանկի տնօրենը:
«Մենք ձգտում ենք աշխուժացնել տնտեսությունը՝ պահպանելով այդ պահանջարկը: Այս տարվա ընթացքում մեր բիզնես վարկերի տոկոսադրույքները նվազել են առնվազն 1 տոկոսային կետով:
Այժմ էլ մենք իրականացնում ենք վարկավորման նոր ակցիա, որը նախատեսում է ստանդարտ տոկոսադրույքներից ավելի բարենպաստ պայմաններ », - ասաց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրենը:
Նշենք՝ այս պահի դրությամբ «Ամերիաբանկի» վարկային պորտֆելը կազմում է շուրջ 410 միլիարդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19,7%-ով, այդ թվում ՓՄՁ եւ ֆիզանձանց վարկերի պորտֆելը՝ 35%-ով, իսկ միայն ՓՄՁ-ներինը՝ 55%-ով:




























