Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Լեեր քաղաքի քաղաքապետարանի բակում տեղադրվել են հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող երկու նստարաններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գերմանահայ Ալբերտ Թովմասյանը, որի նախաձեռնությամբ էլ հենց տեղադրվել են նստարանները:

Նշենք, որ առաջին անգամ է, որ եվրոպական երկրի պետական շենքի բակում տեղադրվում են հայկական արտադրության նստարաններ: Դրանք Լեերին է նվիրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նստարանների տեղափոխման ու տեղադրման աշխատանքներն իրականացվել են Ալբերտ Թովմասյանի ջանքերով:

Հիշեցնենք, որ այս տարվա հուկտեմբերի 8-ին՝ այս քաղաքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Էրեբունի-Երեւանի տարեդարձը, ինչի առիթով Լեերի կենտրոնական այգում՝ Ինզելգարդենում, որտեղ 2015 թվականին դարձյալ Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ կանգնեցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար, տեղադրվեցին Երեւան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող չորս նստարաններ: Լեերում տեղադրված բոլոր վեց նստարաններն էլ պատրաստել է «Նիկոլ Դուման» ընկերությունը:

Լեերում փոքրիկ Հայաստանի կերտման՝ Ալբերտ Թովմասյանի ծրագրերից հաջորդը մեր վարդագույն մայրաքաղաքի հետ արդեն իսկ հոգեւոր հարազատությամբ կապված գերմանական Լեերի փողոցներից մեկը Երեւան անվանակոչելն է: «Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավորը՝ մեր հայրենիքն ու ժողովրդին աշխարհում ներկայացնել ինչպես հարկն է: Ես դա անում եմ մեծագույն սիրով եւ վստահ եմ՝ միասնական լինելու պարագայում, կկրկնապատկվեն մեր ջանքերն ու կկարողանանք մեր պետության համար անել առավելագույնը»,-մեզ հետ զրույցում նշեց Ալբերտ Թովմասյանը: