ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանին եւ միության մի շարք անդամների:  Հանդիպմանը ներկա էր նաեւ նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է. «Մենք պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որպեսզի վեր հանենք բոլոր խնդիրները եւ քննարկենք, թե ինչ իրատեսական քայլեր կարելի է ձեռնարկել դրանց լուծման համար եւ ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են հարկավոր ոլորտի բարելավման համար»:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Տեղեկացնելով, որ օրերս կայացել է հանդիպում «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ` նախարարը հույս է հայտնել, որ ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումները թույլ կտան բազմակողմանի ուսումնասիրել կուտակված խնդիրները` դրանց լուծումներ տալու ակնկալիքով:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները ներկայացրել են ձկնաբուծության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ձկան կերի գնին, ջրի վարձավճարներին, ձկնաբուծարաններում օգտագործվող ջրի կիսափակ համակարգի կիրառման արդյունքում հավելյալ էլեկտրաէներգիայի օգտագործմանը:

Ձկնաբուծության ոլորտի ներկա խնդիրներն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով հանդիպման մասնակիցներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ գերատեսչություններից եւ կազմակերպություններից: Բացի այդ, առաջարկվել ստեղծել մեկ միասնական շուկա, որում տեղական արտադրողները հնարավորություն կունենան մեծածախ գներով իրացնել իրենց արտադրանքը:

Առաջարկ է հնչել նաեւ Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառում նախաամանորյա շրջանում «ձկնամթերքի օրեր»  կազմակերպել՝ արտադրանքի վաճառքը խթանելու նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաեւ տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման ապահովագրությանը, արտասահմանյան շուկայում գործարար կապերի ընդլայնմանն ու միջազգային ցուցահանդեսներում հայ ձկնարտադրողների ավելի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաեւ տեղական արտադրանքի արտահանմանն առնչվող հարցերին:

Այս համատեքստում հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է, որ ձկնամթերքի արտահանումն ավելի արդյունավետ կազմակերպելու եւ այդ նպատակով արտահանման սերտիֆիկատներ ստանալու համար արտադրողները կարող են դիմել «Տոնուս-Լես» ընկերությանը, որի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը ընդունվում է եվրոպական երկրներում:

Այս խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար առաջարկվել է կազմակերպել հանդիպում «Տոնուս-Լես» ընկերության ղեկավարության եւ ձկնարտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: