Ամառային Երեւանի փողոցները լի են մարդկանցով, մեքենաների հոսքի արդյունքում խցանումներ են, բայց չնայած այս պատկերին՝ երբեք ոչ ոք չի գուշակի, թե ինչ խնդրի է բախվել Հայաստանը: Այս մասին ասված է հետխորհրդային երկրի ուղեղների արտահոսքի մասին գերմանական «Deutsche Welle»-ի պատրաստած ռեպորտաժում:

Դրանում նշվում է, որ Հայաստանի բնակչությունը շարունակաբար նվազում է: Հեռանում են նրանք, ում կարիքը Հայաստանն առանձնապես ունի՝ կրթված երիտասարդները: Նրանցից մեկն էլ ռեպորտաժի 26-ամյա հերոսուհի Անահիտն է, որը պատրաստվում է Լեհաստան մեկնել՝ մի նախագծի շուրջ աշխատելու: «Ես սիրում եմ իմ երկիրը, բայց մի շարք խնդիրներ կան, որոնց պատճառով չեմ ուզում մնալ»,- ասել է նա:

Հետազոտական կենտրոնում աշխատող Անահիտի խոսքով՝ Հայաստանում իսկապես դժվար է կարիերայում որոշակի նպատակների հասնել: «Ընկերներս հեռացել են. կեսը՝ Ռուսաստան, մյուս կեսը՝ տարբեր երկրներ: Այստեղ բավական միայնակ եմ զգում»,- նշել է նա:

Ռեպորտաժի հեղինակներն ընդգծել են, որ վերջին տարիներին արտագաղթի ալիք է նկատվում, եւ երկիրը լքող հայերի թիվը շարունակում է աճել: