Ռուանդան 1994 թվականի ցեղասպանությանը 20 ֆրանսիացի պաշտոնյաների հնարավոր մասնակցության շուրջ պաշտոնական հետաքննություն է սկսել: Դատախազ Ռիչարդ Մուհումուզան հայտարարել է, որ ակնկալում է, որ ֆրանսիական իշխանությունները կհամագործակցեն հետաքննության հետ:

Ըստ BBC-ի՝ զանգվածային սպանությունների ժամանակներից ի վեր երկու երկրների հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ռունդայում ցեղասպանության ժամանակ հուտուների կողմից շուրջ 800 հազար մարդ, հիմնականում՝ թութսիներ են սպանվել:

Վիճաբանության առարկա է շարունակում մնալ դեպքերից առաջ հուտուների Ժյուվենալ Հաբիարիմանայի գլխավորած ազգային կառավարության մերձավոր դաշնակից Ֆրանսիայի դերը: Զանգվածային սպանությունները սկսվել են, երբ 1994 թվականի ապրիլին ապստամբները հրթիռով խոցել են նախագահի օդանավը:

Ռուանդան պնդում է, որ ֆրանսիական իշխանությունները տեղյակ են եղել ցեղասպանության նախապատրաստման մասին, ինչպես նաեւ ուսուցանել են նրանց, ովքեր հետագայում սպանություններ են իրականացրել:

Փարիզը խոստովանում է, որ սխալներ է թույլ տվել Ռուանդայի ճգնաժամը լուծելիս, սակայն հերքում է Ռուանդայի գործող նախագահի մեղադրանքները ցեղասպանությանը գիտակցված օժանդակելու մեջ: