ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Խորենացի փողոցի հարակից տարածքում, Մալաթիայի, Կոմիտասի եւ Նոր Նորքի շուկաներում մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ:
Ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ մորթից մինչեւ իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները քննարկելու եւ հնարավոր լուծումներ տալու նպատակով: Հաշվի առնելով ոլորտում առկա մի շարք խնդիրներ՝ Ծառայության պետը խոսել է դաշտը կանոնակարգելու եւ բոլորի գործառույթները հստակեցնելու անհրաժեշտության մասին՝ կարեւորելով տնտեսավարողների մասնակցությունն այս գործընթացում:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Զգուշացվել է, որ տնտեսավարողները ձեռնպահ մնան առանց ուղեկցող փաստաթղթերի, ակնհայտ կասկածելի կամ հիգիենիկ պայմանների խախտումով տեղափոխված միսն ընդունելուց եւ իրացնելուց, այլապես պետական վերահսկողության շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:
ՍԱՊԾ-ում արդեն իսկ տեղի է ունեցել հանդիպում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ. նրանց նույնպես խստորեն զգուշացվել է՝ առանց պատշաճ փորձաքննության չտրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն եւ ապահովել, որ մսեղիքի վրա լինի անասնաբուժական դրոշմակնիքը՝ սահմանված կարգի համապատասխան:
Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տնտեսավարողներին եւս մեկ անգամ ներկայացրել է մսի շուկայահանմանը ներկայացվող՝ գործող անասնաբուժասանիտարական անվտանգության եւ հիգիենիկ պահանջները՝ նշելով, որ պետք է համապատասխան աշխատանքներ տանել անհրաժեշտ պայմաններն ապահովելու ուղղությամբ:
Ծառայության պետը տնտեսավարողներին նաեւ տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է որոշ ժամանակ հետո կենդանիների մորթ կատարել բացառապես սպանդանոցային պայմաններում, ինչն էականորեն կկարգավորի դաշտը եւ զգալիորեն կնվազեցնի առկա ռիսկերը:
Տնտեսավարողներին ՍԱՊԾ-ում հորդորել են կասկածելի բոլոր դեպքերում անմիջապես տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:






























