Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի մոտ մի վայր կա, որտեղ կարելի է նաեւ հունիսին դահուկներով սահել: Այս մասին նոյեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Շիրակ տուրս» տուրօպերատորի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:
Նրա խոսքով՝ եթե ուրիշ երկրներում դրամական մեծ միջոցներ են ծախսում արհեստական ճանապարհով ձյուն ստեղծելու համար, ապա Հայաստանն այս տեսակետից շահավետ վիճակում է: «Շիրակի մարզն աչքի է ընկնում ձյան առատ տեղումներով: Կան վայրեր, որտեղ գրեթե 7 ամիս ձյան ծածկույթը պահպանվում է: Ավելին՝ Մեծ Սեպասար գյուղի մոտ մի վայր կա, որտեղ կարելի է նաեւ հունիսին դահուկներով սահել: Երբ մեր ավստրիացի գործընկերները եկան Շիրակի մարզ, զարմացան, որ մեզ մոտ այդքան ձյուն կա, բայց հյուրեր չկան»,- նշեց Տեր-Մինասյանը՝ հավելելով, որ Շիրակի մարզի այցելուները հիմնականում օտարերկրացիներն են, ներքին տուրիզմ գրեթե չկա:





























