Սիրիայում իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու հարցում համակարծիք ենք Ռուսաստանի հետ։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պատասխանել է Էրդողանի կողմից Սիրիայի նախագահի հետ կապված վերջին սկանդալային հայտարարության հետ կապված հարցին՝ խուսափելով կրկնել Էրդողանի խոսքերը։

«Ահաբեկչական կառույցների դեմ պայքարում ենք, սակայն եթե քաղաքական լուծում չլինի, Սիրիայի ազգային միասնությունը, հողային ամբողջականությունը չվերականգնվի, վաղն էլ ԻՊ–ի փոխարեն մեկ այլ կառույց կհայտնվի։ Պետք է չորացնել Սիրիայի ճահիճը։ Դրա ամենալավ ճանապարհը քաղաքական լուծումն է։ Պետք է փոխադարձ վստահությունը բարձրացնող քայլեր անել։ Ասադի հարցում մեր նախագահի տեսակետը հայտնի է։ Ասադը պատասխանատու է 600 հազար մարդու սպանության համար։ Մենք ՌԴ–ի հետ տարբեր ենք մտածում ու դա բնական է։ Սակայն քաղաքական լուծման հարցում համակարծքի ենք ՌԴ–ի հետ։ Թուրքիան մեծ կարեւորություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք։ ՌԴ–ի հետ սերտ համագործակցության մեջ ենք։ Մեր նախագահի տեսլականն էլ մեզ այս արդյունքին է հասցնելու»,–ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան Սիրիա է մտել Ասադին տապալելու համար, որից հետո ՌԴ–ն պարզաբանում էր պահանջել ասվածի հետ կապված՝ շեշտելով, որ Թուրքիան ստորագրություններ է դրել Սիրիայում քաղաքական լուծմանն ուղղված փաստաթղթերի տակ։