Ռուսաստանն ու Թուրքիան միասնական են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի եւ ճգնաժամի քաղաքական լուծման հարցում: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք միասնական ենք Սիրիայում ահաբեկչական սպառնալիքները կանխելու, արյունահեղությունը դադարեցնելու, ճգնաժամի կարգավորումը քաղաքական հուն տեղափոխելու եւ մարդասիրական խնդիրների լուծումն ապահովելու հարցում»,- ասել է Լավրովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ տեղեկատվություն է փոխանակում Սիրիայի զինված ընդդիմության շրջանում տրամադրությունների շուրջ եւ Անկարային կոչ է անում խնդիրների լուծման մաս դառնալ:
Նշենք, որ Թուրքիայի մասին Ռուսաստանի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է ռուսական օդանավը խոցելու համար Էրդողանի ներողությունից հետո: Մինչ այդ Մոսկվան հայտարարում էր, որ հենց Անկարան է հովանավորում Սիրիայում ահաբեկչությունը:





























