Անցած 4 տարիների եւ խորհրդարանի 9 նստաշրջանների ընթացքում ԱԺ մեծամասնական 41 պատգամավորներից միայն 15 են հարցեր տվել կամ ելույթներ ունեցել, նրանցից 25–ը ամբիոնին չի մոտեցել առհասարակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Նրա խոսքով, մեծամասնական 41 պատգամավորների 63 տոկոսի անունը չի եղել որեւէ օրինագծի տակ:
«Օրենսդրական գործունեության առումով պատկերն առավել անմխիթար է, երբ փորձում էինք հասկանալ, թե ինչ նախաձեռնություններով են հանդես եկել մեծամասնականները , նախ, թվային առումով պատկերն այն է, որ 41 պատգամավորների 63%-ի անունը որեւէ օրենսդրական նախաձեռնության տակ չի եղել»,- ասաց Լուսինե Վասիլյանը՝ հավելելով, որ ամենաակտիվ մեծամասնական պատգամավորը, թե՛ ըստ հարցերի ու ելույթների, եւ թե՛ օրենսդրական նախաձեռնությունների առումով Էդմոն Մարուքյանն է. «Ամենաակտիվ պատգամավորների եռյակում է նաեւ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:
ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավարի խոսքով, այս գումարման խորհրդարանի ամենահարուստ 10 պատգամավորներից 9-ը հենց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են: Այս գումարման ԱԺ-ի 16 դոլարային միլիոնատերերից 12-ը եւս մեծամասնական պատգամավորներ են:
Նշենք, որ 41 մեծամասնական պատգամավորներից 30-ը ներկայացնում են ՀՀԿ-ն, 8-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը անկուսակցական են։ ԱԺ 4 խմբակցություն մեծամասնական պատգամավոր չունի:





























