Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ Անձնագրային եւ վիզաների վարչության շենքի հարեւանությամբ կա մի ահռելի փոս, որն ամեն օր շարունակում է լցվել աղբով:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«2014թ. հունիսի 10-ին նամակով դիմեցի քաղաքապետին՝ ուշադրություն հրավիրելով այս տհաճ իրողության վրա: Պատասխան նամակից տեղեկացա, որ թաղամասի հ. 17/4 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է «Բոստան» ՍՊԸ-ին, որն այդտեղ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն է ստացել քաղաքապետարանից: Մինչ օրս քաղաքաշինական որեւէ գործունեություն չի իրականացվել տեղում, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դեռեւս 2014թ. սեփականատիրոջը ծանուցել է սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ սանիտարական վիճակի եւ այն օգտագործել ըստ նշանակության:

Մինչդեռ ականատեսները վկայում են, որ այսօր աղբն այնտեղ դատարկվում է նույնիսկ բեռնատարներով»,-ասված է Անահիտ Բախշյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: