Տեսադասերը նպատակ ունեն ոչ թե փոխարինել ուսուցիչներն, այլ օժանդակել նրանց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշել է ԿԳ նախարար Լեւոն Զուրաբյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները:

ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում աշխատանքային խմբի անդամները վերլուծել են կազմակերպված տեսադասերի ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը:

Առաջարկ է հնչել մշակել հեռավար ուսուցման կազմակերպման հայեցակարգ և հստակ ժամանակացույց` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Ըստ նախարար Լևոն Մկրտչյանի` կրթության տարբեր բաղադրիչներում առկա են կոնկրետ արդյունքներ, որոնք համակարգման և զարգացման կարիք ունեն: Նախարարը նշել է, որ խնդիրը պետք է տարբերակել երկու ուղղությամբ` տեխնիկական և մեթոդական: Առաջարկ է  հնչել նախնական փուլում ընտրել հանրապետության 10 առաջատար դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսհաստատություններին, օրինակ` կոնկրետ առարկայի ուսուցիչ չունեցող դպրոցներին:

Նախարարն առաջարկել է ճշգրտել տեսադասերի անցկացման մեթոդիկան` ուղիղ դասընթացների, էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունների զարգացման ձևաչափով: Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ամփոփվել էլեկտրոնային տարբեր հարթակներում առկա ողջ բովանդակությունը և դասակարգել այն, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունենա մուտք գործել համակարգ և վերցնել իրեն անհրաժեշտ ուսուցողական նյութերը: Աշխատանքային խմբի անդամները համաձայնել են, որ հեռավար դասընթացները նպատակ ունեն ոչ թե փոխարինել ուսուցիչներն, այլ օժանդակել նրանց: Առաջարկ է հնչել նաև վերոնշյալ ձևաչափով դասընթացներ անցկացնել առանձին խմբակների շրջանակում, ինչպես նաև իրականացնել համապատասխան ուսուցիչների վերապատրաստումներ: