Ընդդիմադիր ուժերը շարունակելու են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։
Օրինագծում պահպանվել է գործող դրույթը. ավագանին պետք է նորից վերընտրվի, եթե ավելի քան 6 ամիս չի հավաքվում նիստերին։ Քանի որ քաղաքապետին ընտրում է ավագանին, ապա իրադարձությունների նման զարգացման դեպքում նորից պետք է քաղաքապետ ընտրվի։
Մարուքյանը հիշեցրեց, որ Վանաձորում իշխանությունն ունի 15 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 18։ «Դա չի նշանակում, որ մենք անձնական թշնամանք ունենք։ Մենք միմյանց սիրում եւ հարգում ենք, բայց նիստերին չենք գնա»,– ասել է պատգամավորը։
«Օրենքի տրամաբանությունն այն է, որ Գյումրիում եւ Վանաձորում ավագանու ընտրությունները կրկնում են խորհրդարանական ընտրությունները։ Եթե գործադիր իշխանության ղեկլավարը չունի քաղաքական մեծամասնություն, նա չի կարող աշխատել։ Իսկ Վանաձորում հենց այդպես էլ ստացվում է»,– ասել է Մարուքյանը։
Դրան ի պատասխան՝ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը կոչ արեց չշտապել. «Միգուցե, առաջիկա ամիսներին կողմերը համաձայնության գան»,– ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» զբաղեցրել էր 2-րդ տեղը։ Նրա թեկնածուներն էին Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը։ Ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում Մարուքյանի օգտին ձայները պետք է գերակշռեին, սակայն գաղտնի քվեարկության ժամանակ ձայներ հավաքեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Սակայն ավագանու նիստերը տապալվում են, քանի որ ընդդիմությունը, օգտվելով քանակական առավելությունից, բոյկոտում է դրանք։





























