Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով այսօր` դեկտեմբերի յոթին, վերջապես ցուցմունք տվեց միակ վկան` ընթերակա Վարդգես Մովսիսյանը:
Երեւանի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթերական հակասական ցուցմունք տվեց: Սկզբում նա պատմեց, որ մի օր գիշերը, երբ ինքը գնացել էր շաուրմա գնելու, փողոցում մոտեցել են ոստիկաններ եւ առաջարկել որպես ընթերակա գնալ բաժին:
«Ես էլ գնացի բաժին, մտա տեսա, որ ամբաստանյալը նստած ա, բարաբանով զենքն էլ սեղանին դրած էր: Ոստիկաններն ասացին, որ խուզարկություն են անելու, պիտի ստորագրենք, ես էի ու մեկ ուրիշ մարդ: Մենք էլ ստորագրեցինք ու դուրս եկանք»,- ասաց վկան:
Մեղադրող Հակոբ Ենոքյանի ճշտող հարցին` զենքը սեղանին էր դրված, Վարդգես Մովսիսյանը փոխեց խոսքը. «Չեմ հիշում, զենքը սեղանին էր դրած, Արմեն Միքայելյանն էլ գրպանից հանեց զենքը ու դրեց սեղանին, կամ էլ սեղանին զենք չկար»:
Մեղադրողը կրկին հարցրեց` երկու զենք դարձավ, վկան հստակ չպատասխանեց:
Հատկանշական է, որ Վարդգես Մովսիսյանը գործով միակ վկան է, մինչդեռ նա դատարանում հայտարարեց` երբեք ցուցմունք չի տվել:
«Ինձ սեպտեմբերին զանգեց քննիչը, կանչեց, ես էլ ասացի, որ Ղարաբաղում եմ, դրանից հետո էլ վերադարձա ու չգնացի հարցաքննության»,- ասաց նա:
Դատախազը միջնորդեց հրապարակել Մովսիսյանի նախաքննական ցուցմունքը:
Վկան, տեսնելով, որ իր ստորագրությունը, «հիշեց», որ ցուցմունք իսկապես տվել է: Մովսիսյանը քննությունն իրականացնող մարմնին պատմել է, որ տեսել է, թե ինչպես է ոստիկանն իր ձեռքով Արմեն Միքայելյանի գրպանից հանել զենքը: Նշենք, որ զենքի վրա, ըստ նախաքննական մարմնի, հայտնաբերվել է միայն ամբաստանյալի մատնահետքերը: Վկան նաեւ ցուցմունք է տվել այն մասին, որ ոստիկանները սեղմել, հանել են պահունակը, որի մեջ եղել է յոթ փամփուշտ: Ի դեպ, Միքայելյանի մոտ ենթադրաբար հայտնաբերվածը թմբուկավոր զենք է եղել, մինչդեռ վկան նկարագրել է Մակարով տեսակի ատրճանակ:
Դատարանում վկան պնդեց, որ իր նախաքննական ցուցմունքը ճիշտ է, համապատասխանում է իրականությանը:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունվարի 18-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):
20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:





























