Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին մեկնել է Վենետիկ, որտեղ մասնակցել է հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին եւ ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ այս նստաշրջանում հաստատվելու է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը մշակելու հիմքում եղել է մեկ հիմնարար սկզբունք՝ ազատականացնել Հայաստանում կուսակցությունների ձեւավորման, գրանցման եւ գործունեության օրենսդրական կարգավորումները:
Նախարարը, ներկայացնելով նախագծի հիմնական փոփոխությունները, ընդգծել է, որ կուսակցության պետական գրանցման հարցում հետեւել են ԵԱՀԿ-ի՝ նախկինում ներկայացված դիրքորոշմանը եւ նվազեցրել պետական գրանցման պահին անհրաժեշտ կուսակցության անդամների թիվը՝ հասցնելով 2000-ից մինչեւ 1000-ի:
«Կուսակցության տարածքային ներկայացվածության հարցում նախագծով սահմանել ենք առավել լիբերալ կարգավորումներ՝ ի համեմատություն գործող օրենքի: Այս հարցում եւս առաջնորդվել ենք հարցի վերաբերյալ նաեւ Վենետիկի հանձնաժողովի բազմիցս արտահայտած դիրքորոշմամբ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: Ներկայացնելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ պատվիրակության հետ քննարկման արդյունքները, նախարարը նշել է, որ նախագծում սահմանվել է գենդերային հավասարության սկզբունքը, փոփոխվել են նախագծի կարգավորումներն այնպես, որ կուսակցություններին կարողանան անդամագրվել նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք եւ այլն:
Ամփոփելով խոսքը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր գործընկերներին համատեղ կատարված աշխատանքի համար:





























