Ավարտվել են Երեւան - Սեւան - Իջեւան  միջպետական (Մ-4) ավտոճանապարհի  7,17 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի պետբյուջեի ֆինանսավորմամբ այս հատվածում վերականգնվել է ճանապարհի գրեթե 80 հազար քառակուսի մետր մակերեսի ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերահսկողությամբ: Աշխատանքի ողջ ընթացքում կատարվել է հսկողություն պատվիրատուի եւ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից:

«Աշխատել ենք համատեղ, որպեսզի անհրաժեշտ որակն ապահովենք»,- նշեց հիմնանորոգումն իրականացնող «Խաչհար» ՍՊ ընկերության փոխտնօրեն  Միհրան Զաքարյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հայտնեց, որ սահմանված է 3 տարվա երաշխիքային ժամկետ:

«Եթե այդ ժամկետում ի հայտ գան թերություններ, շինարարն իր հաշվին այդ թերությունները կվերացնի»,- պարզաբանեց Է. Սարգսյանը:

Սեւան քաղաքն ափամերձ շրջաններին կապող  ճանապարհն անցնում է  միջպետական մայրուղով: Քաղաքի բնակիչներն ու ամռանը Սեւանում հանգստացողներն ափին հասնելու համար ստիպված էին հատել արագընթաց ճանապարհը: Արդյունքում այս վայրում վրաերթի բազմաթիվ դեպքեր էին գրանցվում:  Բնակիչների անվտանգ անցուդարձն այսուհետեւ կապահովի նորակառույց վերգետնյա անցումը, որը  եւս ներառված էր հիմնանորոգման այս տարվա ծրագրում:

Երեւան - Սեւան - Իջեւան  ավտոճանապարհի 67,5 կմ-ում՝ Սեւանի թերակղզու մոտակայքում, հեղեղումների պատճառով փլուզված 31 մետր հատվածը նույնպես հիմնանորոգվել է: Մասնավորապես, վերականգնվել է հողային պաստառը, կառուցվել է գաբիոնային հենապատ:

Եկող տարվա բյուջեով նախատեսվում է 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդնել այս ճանապարհի մնացած հատվածներում եւս հիմնանորոգում իրականացնելու համար:

«Առաջիկայում նախատեսում ենք հայտարարել մրցույթներ, ընտրել ճանապարհի այն հատվածները, որոնք խիստ քայքայված են: Հաջորդ տարի եւս կկատարվեն  հիմնանորոգման աշխատանքներ»,- ասաց Էմիլ Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում պետբյուջեի եւ Համաշխարհային բանկի 4 միլիարդ 340 միլիոն դրամի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել է 28 կմ ճանապարհահատված, վերակառուցվել են ճամփեզրի մի շարք փլուզված հատվածներ: