Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրենին պարգեւատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Այսօր միասին կմասնակցենք նաեւ Ձեր հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացմանը: Համոզված եղեք, որ սա գնահատանքի յուրովի դրսեւորում է գիտական այն մեծ աշխատանքի ու ներդրման համար, որն իրականացվել է Ձեր երջանկահիշատակ հոր կողմից՝ հայոց պատմության ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնելու ուղղությամբ: Առիթն օգտագործելով նաեւ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության եւ հատուկ վերաբերմունքի համար»,¬ -նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին նշել է, որ Երեւանն իսկապես հարազատ տուն ու օջախ է իր համար:

«Պարոն քաղաքապետ, թեեւ ես Հայաստանում չեմ ապրում, սակայն ամուր թելերով եմ կապված Երեւանի հետ, որն իմ ծննդավայրն է: Անկեղծորեն շնորհակալ եմ, որ այստեղ շարունակում են գնահատել հորս ունեցած վաստակը, ինչի վառ ապացույցը նաեւ այսօր բացվող հուշատախտակն է: Համոզված եմ, որ հորս հիշատակը հավերժացնող յուրովի այդ անկյունը առանձնահատուկ խորհուրդ եւ նշանակություն կունենա նաեւ Պիոտրովսկիների բոլոր սերունդների համար», ¬- նշել է Միխայիլ Պիոտրովսկին:

Այնուհետ, հայկական մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած բազմամյա ավանդի եւ համաշխարհային մշակութային արժեքների պահպանման եւ տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միխայիլ Պիոտրովսկուն պարգեւատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: