՛Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կտրուկ ձեւով կողմ է արտահայտվել ԵՄ-ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ բանակցությունների նպատակահարմարությանը։ Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում, Շթայնմայերը քննադատել է իր ավստրիացի գործընկերոջը։ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտնել էր,ո ր Վիեննան առարկելու է Անկարայի հետ բանակցությունները շարունակելուն։ Սակայն Շթայնմայերի կարծիքով , այդ քայլի հետեւանքները հաշվի չառնող արտաքին քաղաքականությունն անպատասխանատվություն է, հայտնում է DW–ն։

«Ես չէի ցանկանա հիմա բանակցությունների դադարեցման մասին ազդանշան տալ»,- ասել է Շթայնմայերը։ Նա նշել է, որ բանակցությունների շարունակելու մասին թուրքական ընդդիմությունն է խնդրում։ Բացի դրանից բանակցություններից հրաժարվելը կարող է բացասաբար անդրադառնալ Կիպրոսի միավորման շուրջ բանակցությունների վրա, որոնք եզրափակիչ փուլում են գտնվում։ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին պայմանավորվածությունների ճակատագիրը կապակցված է նաեւ Թուրքիայում մահապատիժը վերականգնելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Եթե Անկարան նման քայլի գնա՝ դա կնշանակի հատել կարմիր գիծը ։ Քանի դեռ նման բան տեղի չի ունեցել՝ բանակցությունները զսպող գործոն են Թուրքիայի ղեկավարոթյան համար։

ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները սկսվել են 2005-ին՝ Անկարայի կողմից համապատասխան հայտը ներկայացնելուց 18 տարի հետո։ Բանակցային այսպես կոչված 35 գլուխներից , որոնցով Թուրքիան պետք է կատարի ԵՄ նորմատիվային պահանջները, Բրյուսելը միայն 16-ն է ընդունել։ Կիպրոսի մի մասի օկուպացիայից բացի, բանակցություններին խոչընդոտում են նաեւ Թուրքիայի իշխանությունների գործողությունները ընդդիմության նկատմամբ։