«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչպես ցանկացած փոքր երկիր ստիպված է, կոպիտ ասած, «շիթիլվել» այս կամ այն գերտերությանը, մասնավորապես՝ այդ պետության ռազմական պոտենցիալին, այնպես էլ ցանկացած փոքր կուսակցություն միանում է մեծին, առաջին հերթին` դրա փողերին: Բայց կա նաեւ տարբերություն: Երկրների դեպքում այդ ամենը բացահայտ է` հայտնի է, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հովանավորության ներքո, իսկ, ասենք, Վրաստանը` Միացյալ Նահանգների: (Ի դեպ, համաձայն չեմ մեր «ռուսամետների» եւ «արեւմտամետների» հետ, թե այս առումով մեծ տարբերություն կա): Սակայն կուսակցությունների դեպքում «շիթիլվելը» կարող է լինել թե՛ հրապարակային եւ թե՛ գաղտնի: Իհարկե, ավելի լավ է` բացահայտ լինի, բայց այս իրավիճակը մեկ այլ` համակարգային «խոտանի» դրսեւորում է:
Գործընկերներիցս մեկը` Աղասի Ենոքյանը, իրավացիորեն գրել է, որ հայաստանյան քաղաքականության գլխավոր թերությունն այն է, որ մեզանում գրեթե չկան զուտ քաղաքական ամբիցիաներ ունեցող մարդիկ: Իմ հասկանալով՝ քաղաքական հավակնությունը սեփական գաղափարների, սեփական տեսլականի իրագործմանը ձգտելն է: Փող «կպցնելը»` խորհրդարան անցնելու կամ չանցնելու հեռանկարով, կամ պաշտոնի ձգտելը` փող գռփելու նպատակով, կամ կուսակցություն պահելը` սեփական փողերին տեր կանգնելու կամ սնափառությանը հագուրդ տալու համար, այդ ամենը, բառիս գիտական իմաստով, քաղաքականություն չէ:
Մեծահարուստը գնում է քաղաք, որտեղ բնակչության համարյա կեսը «պաշտոնապես» աղքատ է: Բնականաբար, աղքատները հերթ են կանգնում, հրմշտում են իրար` ողորմություն ստանալու հույսով: Սովորական (իհարկե՝ ոչ ցանկալի) տեսարան է աղքատ երկրի համար: Սակայն արձանագրենք երկու տհաճ պահ: Եթե ցանկություն կա աղքատներին օգնելու, դա, իհարկե, հրաշալի է, բայց ինչի՞ համար է պետք դա անել ցուցադրաբար: Միշտ զարմացել եմ, թե ինչու են հայաստանցի բարեգործները ցանկանում գովազդել իրենց բարեգործությունը: Բիլ Գեյթսը տարեկան մի քանի միլիարդ դոլար է ծախսում բարեգործության վրա, բայց ես երբեք չեմ տեսել, որ նա կանգնի տեսախցիկի առաջ եւ ասի, թե ինքը «ժողովրդի հետ է եւ ժողովրդի կողքին»: Տվյալ նյութի համատեքստում ավելի կարեւոր է հետեւյալ հարցը` իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը քաղաքականության հետ: Պարզ է, որ հենց այդ «բարեգործությունն» է լինելու, այսպես կոչված, «վարկանիշային քվեարկության» հիմքը, որը կապահովի իշխող կուսակցության հաղթանակը, քանի որ հիմնական մեծահարուստները հավաքվել են հենց ՀՀԿ-ում:
Բոլոր երկրներում քաղաքականությունը շաղկապված է փողի հետ: Միայն թե զարգացած պետություններում փողը միջոց է՝ ինչ-ինչ (պարտադիր չէ՝ մաքուր) նպատակների հասնելու համար: Մեզ նման երկրներում փողը նպատակ է: Հենց այդ պատճառով է, որ միտքը, գաղափարը «աքսորվել են» քաղաքականությունից՝ իրենց տեղը զիջելով անգրագետ մարդկանց զոռբայությանը: Մտածող մարդիկ չեն ցանկանում այդ գործընթացների հետ որեւէ առնչություն ունենալ: Դա՛ է ամբողջ ցավը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























