Վանաձորի ավագանու արտահերթ նիստն այսօր՝ դեկտեմբերի 13-ին կրկին չի կայացել: Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ նիստին ներկա էին միայն ավագանու ՀՀԿ խմբակցության 13 անդամներն ու ՀՅԴ-ն ներկայացնող 2 անդամներ:

Նշանակված ժամից 30 րոպե անց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մտավ դահլիճ եւ տեսնելով լրագրողներին, նշեց, որ լրագրողներն ավելի շատ են, քան ավագանու անդամները: Ապա նա հայտարարեց քվորում չապահովվելու պատճառով նիստը չկայանալու մասին:

Լրագրողներին  հարցին, թե իր կարծիքով, ինչո՞ւ ավագանու մյուս անդամները չկան, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ես հո օպերատիվ հետախուզական գործունեությամբ չե՞մ զբաղվում: Իրանք են զբաղվում ավագանու չորս անդամներին հայտնաբերելով: Ես ընդամենը համայնքի ղեկավարի իմ լիազորություներն եմ իրականացնում, երեւի մի հյուրանոցում կլինեն ինչ-որ»:

Անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտին, Ասլանյանը նշեց, որ դա «քաղաքական կուլտուրայի ձեւ է, այսօր չունենք քվորում, վաղը կունենանք…Կարող է արդյունքները մի քիչ ավելի ուշ լինեն»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի Վանաձորի ավագանիում քաղաքապետի ընտրության ժամանակ քվեարկել էր Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած քաղաքապետը կարողացել էր հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:

Քաղաքապետը ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում լիարժեք աշխատել այս պաշտոնում. Քանի որ ավագանու ոչ իշխանական խմբակցությունների անդամները բոյկոտում են ավագանու նիստը: