ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, 2016թ. նոյեմբերի 11-ին օգտագործելով քաղաքացուն պատկանող բանկային քարտի տվյալները, բանկոմատից կանխիկացրել է գումար` վերջինիս պատճառելով նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում ստացվել է տեսանկարահանող սարքերի՝ տվյալ գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:
Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված միջին տարիքի տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
«Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված տղամարդուն կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:





























