Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջարկում է «1000 դրամների» մասին օրինագծի քննարկման ժամանակ այլ թեմաներից չխոսել:

Այսօր` դեկտեմբերի 13-ին, խորհրդարանում ԱԺ փոխնախագահը նախ շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` նման «վեհ» գաղափար խորհրդարան բերելու, ապա անդրադարձավ այս օրերին հասարակության արձագանքներին: Ակնհայտ դարձավ, որ Հերմինե Նաղդալյանը «մոլորության» մեջ է:

«Նախաձեռնվել է մի գործընթաց, որն ալիքի նման անցավ ողջ երկրով, չկար մի որեւէ տուն ու ընտանիք, ամբիոն, աշխատանքային կոլեկտիվ, կրթական հաստատություն, լրատվամիջոց, հեռուստաընկերություն որի քննարկումներն այդ օրերին նվիրված չլինեին այսպես կոչված «հազար դրամների» օրինագծին: Այդ քննարկումներից պարզ դարձավ, որ մեր ժողովուրդն` անկախ սոցիալական վիճակից, աշխատավարձի չափից, բարեկեցության աստիճանից, նման հարց` լինի այս հիմնադրամը, կամ չլինի, նման հարց չի քննարկում: Մենք այսօր գալիս ենք ազգային տուրքի գաղափարին, մենք ունենք ամենամեծ հարստությունը` անսահման աջակցությունը, ընդունելու այս ազգային տուրքը»,- ասաց նա:

Հերմինե Նաղդալյանի պնդմամբ` ոչ ոք այս նախագծին չէ, չկա մեկը, որը չի ցանկանում այդ 1000 դրամը տալ: ԱԺ փոխնախագահը կոչ արեց քաղաքական գործիչներին այս «վեհ համազգային գաղափարը» չդարձնել առիթ` եւս մեկ անգամ ելույթներ ունենալու, սեփական քաղաքական նպատակները հետապնդելու, քննադատության թեմա ունենալու համար:

Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվում այս օրինագծին: