Ռուսասատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով ԱՄՆ-ի հետ բանակցությունները «անպտուղ երեկույթ» է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շփումները պահպանվում են, բայց ամեն անգամ, երբ ինչ-որ հարցով պայմանավորվում ենք, ամերիկացիները արդեն ձեռք բերած համաձայնություններից հեռանում են: Այդպես է եղել եւ սեպտեմբերին, եւ դեկտեմբերի սկզբին»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ամենամյա գիտակրթական «Երկխոսություն հանուն ապագայի» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը:
Ավելի վաղ Սիրիայի բանակը հարձակում էր գործել Հալեպի արեւելյան շրջաններում, որոնք գտնվում էին գրոհայինների վերահսկողության տակ: Հակառակորդ կողմերի հաշտեցման Ռուսական կենտրոնը երեքշաբթի հայտնել էր, որ Սիրիայի իշխանությունները ամբողջովին վերահսկում են Հալեպի տարածքի 98 տոկոսը, հետեւաբար՝ քաղաքի արեւելյան թաղամասերի ընդհանուր մակերեսը, որտեղ դեռեւս գրոհայիններ կան, 3 քառակուսի կիլոմետրը չի գերազանցում:





























