Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում ընդդիմադիր կուսակցությունների նոր միությանը եւ մնացած բոլոր ընդդիմախոսներին: Այս մասին դեկտեմբերի 14-ին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան»), Նիկոլ Փաշինյանի («Քաղաքացիական պայմանագիր») եւ Արամ Սարգսյանի («Հանրապետություն») վերջերս կնքած միությունը կարող է միակը չլինել, ընտրություններից առաջ կարող են նաեւ նորերը հայտնվել: ՀՀԿ-ն պատրաստ է ազատ եւ հավասար մրցակցության՝ անկախ այն բանից, թե ով եւ ինչ ուժ է ղեկավարում՝ լինի նա պաշտպանության նախկին նախարար (Սեյրան Օհանյան – խմբ.), նախկին կամ ներկայիս ունեւոր ձեռնարկատեր (Գագիկ Ծառուկյան – խմբ.), կամ քաղաքականության մեջ նոր դեմքեր: «Մենք բոլորին հարգանքով եենք վերաբերվում»,- հավաստիացրեց Շարմազանովը:





























