Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը պետք է բառապես Անկարայի կողմից Արեւմուտքի վրա ճնշում գործադրելու ենթատեքստում դիտարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե Թուրքիան Ռուսաստանի եւ Չինաստանի հետ մերձեցման կգնա որպես ԵՄ-ին այլընտրա՞նք:

Նրա խոսքով՝ չնայած վերջին շրջանում Ռուսաստանը եւ Թուրքիան որոշ հարցերում միասնական դիրքորոշում ունեն, ընդհանուր առմամբ նրանց աշխարհաքաղաքական շահերը չեն համընկնում: «Դա առաջին հերթին կապված է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հետ, եւ որքան էլ Մոսկվան ու Անկարան փորձեն կարգավորել տնտեսական հարաբերությունները, աշխարհաքաղաքական ուղղությամբ նրանք լուրջ տարաձայնություններ ունեն»,- հիշեցրեց Սաֆրաստյանը: Թուրքագետը քիչ հավանական է համարում, որ Թուրքիան կհրաժարվի հօգուտ Ռուսաստանի Արեւմուտքի հետ համագործակցությունից: «Ռուս-թուրքական ցանկացած մերձեցում պետք է դիտարկել Անկարայի կողմից ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու ենթատեքստում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, Սաֆրաստյանի կարծիքով, քաղաքական ուղղությամբ Պեկինը փոքր դերակատարում ունի, եւ Թուրքիայի հետ նրա հարաբերությունները պետք է տնտեսական շահերի ենթատեքստում դիտարկել, ինչպես նաեւ Չինաստանում բնակվող ոչ մեծաթիվ թուրք բնակչության: