Զիմբաբվեի իշխող կուսակցությունը որոշել է պետության գործող նախագահ 92-ամյա Ռոբերտ Մուղաբեի թեկնածությունն առաջադրել նախագահական նոր ժամկետի համար։ Այս մասին հայտնել է «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության» գործադիր քարտուղար Իգնատի Չոմբոն։ Նրա խոսքով պաշտոնական առաջադրումը տեղի կունենա այս շաբաթ կուսակցական ամենամյա համաժողովում։ Չոմբեն Մուղաբեի կառավարումը բնութագրել է որպես «իմաստության ու միասնականության» օրինակ, փոխանցում է BBC–ն։
Մուղաբեն կառավարում է երկիրը 1980-ից ՝ նախ վարչապետի պաշտոնում, իսկ 1987-ից՝ նախագահի։
Վերջին անգամ նա իր նախագահական կարգավիճակը վերահաստատել է 2013-ին, չնայած քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդագրություններին։
Ավելի վաղ Մուղաբեն հայտնել է, որ պատրաստ է կառավարել, քանի չի մահացել։ Ընդ որում նա շեշտել է, որ պատրաստ է նաեւ կենսաթոշակի գնալ, եթե իր կուսակցությունը ցանկանա։
Մուղաբեին մեղադրում են բռնապետության ու ընդդիմությանը նեղելու մեջ, սակայն նա հերքում է այդ մեղադրանքները։





























