Ալեքսանդր Գյուստավ Էյֆելը ծնվել է 1832 թվականի դեկտեմբերի 15-ին Դիժոնում: Պատանեկության տարիներին Էյֆելը սովորել է Պոլիտեխնիկական դպրոցում: Ուսանողական տարիներից արդեն աչքի է ընկել պողպատե կառույցների շինարարության նկատմամբ նորարարական մոտեցմամբ: Իր առաջին նախագիծն իրականացրել է 26 տարեկանում: Դա Բորդոյում կառուցված երկաթե կամուրջն էր, որի շինարարության ժամանակ ինժեներն օգտագործել է սեղմված օդի ուժը: Էյֆելը ճանաչում է ձեռք բերել իր հանրահայտ աշտարակի կառուցումից շատ ավելի վաղ:

Էյֆելի տարեդարձի օրը ներկայացնում ենք նրա անհայտ գյուտերը:

Էյֆելը սովորել է Փարիզի արվեստների եւ արհեստների կենտրոնական դպրոցում եւ արդեն այդ ժամանակ երեւան է եկել պողպատե կառույցների նախագծման նրա տաղանդը: Նա երկաթուղիներ է կառուցել, կայարաններ, կամուրջներ (օրինակ՝ Պորտուգալիայում Դուերո գետի վրայի 162 մետր կամարով կամուրջը) եւ ուղեկամուրջներ (օրինակ՝ Ֆրանսիայի հարավում դե Գարաբիի ուղեկամուրջը, որը կառուցվել է 122 մետր բարձրությամբ եւ իր ժամանակին համարվել է աշխարհում ամենաբարձրը): Էյֆելը կառուցել է Նիսի աստղադիտարանի պտտվող գմբեթը, որը, չնայած ծանրությանը՝ 100,000 կգ, հեշտությամբ կարող է շարժման մեջ դնել մեկ մարդ:

Փարիզի «Բոն Մարշե» հանրախանութի հեղինակը եւս այս տաղանդավոր ինժեներն է: Նա այն նախագծել է 1876 թվականին՝ կառուցելով ապակե տանիքով եւ թուջե կամրջակներով: Այդպիսով Էյֆելը ճարտարապետության մեջ նոր դարաշրջան սկզբնավորեց, երբ շենքերը սկսեցին զարդարվել մետաղական ֆունկցիոնալ տարրերով:

Հիշարժան է նաեւ, այսպես կոչված, «Երկաթե տունը»՝ Պերուում կառուցված երկհարկանի առանձնատունը: Դա 19-րդ դարավերջի 20-րդ դարի սկզբի տեղացի պլանտատորների շքեղության եւ պերճության մարմնացում էր, սակայն պարզվել է, որ մետաղական թիթեղներով տան մեջ գործնականում անհնար է ապրել՝ արեւը դրանք տաքացնում էր մինչեւ աներեւակայելի ջերմաստիճան:

Ժամանակին Էյֆելն ինժեներ է աշխատել Պանամական միությունում եւ զբաղվել է մեքենաների մատակարարմամբ, որոնք արտադրվում էին Փարիզի մոտ գտնվող Լեւալոա Պերե գործարանում: Երբ Պանամական միությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում, բացահայտումներն առնչվել են նաեւ Էյֆելին, եւ նրան մեղադրել են ֆիկտիվ աշխատանքների համար 19 մլն ֆրանկ կաշառք ստանալու մեջ: Գործի մյուս մասնակիցների հետ 1883 թվականին Էյֆելը եւս դատվել է՝  դատապարտվելով 2 տարվա բանտարկության եւ տուգանքի: Սակայն վճռաբեկ դատարանը դատավճիռը բեկանել է վաղեմության ժամկետի լրանալու պատճառով:

1900 թվականից սկսած Էյֆելը կենտրոնացել է աերոդինամիկայի հետազոտությունների վրա, եւ իր բազմաթիվ փորձերի իրականացման համար օգտագործել է Փարիզի նույն հանրահայտ աշտարակը: 1908 թվականին Էյֆելը Մարսյան դաշտերում հիմնադրել է առաջին ժամանակակից աերոդինամիկական լաբորատորիան, իսկ 1912 թվականին եւս մեկը բացել է Փարիզի մոտ գտնվող Օտեում եւ այն հագեցրել է տեխնիկայի վերջին խոսքով:

Այս ամենից զատ, Էյֆելը աերոդինամիկայի գրքերի հեղինակ է, որոնցում նկարագրել է իր հետազոտությունների արդյունքները: 1920 թվականին Ալեքսանդր Էյֆելը Օտեի իր լաբորատորիան նվիրել է Ֆրանսիայի կառավարությանը: