Եվրամիությունը մտադիր չէ եվրոպական բանակ ստեղծել, այս մասին NEWS.am –ի թղթակցին հարցմանն ի պատասխան՝ ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
Նրա խոսքով օրակարգում նման հարց չկա։ «Հիմա մենք կենտրոնացած ենք համաձայնեցումն ու համակարգումը ամրապնդելու վրա, նպատակի միասնականության վրա, որպեսզի Եվրոպային անվտանգության ու պաշտպանության ոլորտում ավելի արդյունավետ պատասխան քայլեր ապահովելու հնարավորություն տանք։ Մենք նպատակ ունենք խորացնել ԵՄ անդամ երկրների միջեւ պաշտպանական համագործակցությունն ու ձգտում ենք ավելի լավ համակարգել մեր ջանքերը»,- շեշտել է Մայա Կոսյանչիչը։
Հիշեցնենք, որ ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում՝ Ստրասբուրգում, հայտնել է, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի պաշտպանական համակարգ ստեղծելու համար։ «ԵՄ-ն պետք է իսկական պաշտպանական միություն ստեղծի, նախեւառաջ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հիման վրա։ Մեր կազմակերպությունները ոչ թե մրցակիցներ են, այլ լրացնում են իրար»,- միաժամանակ ասել էր Յունկերը։





























