ԱՄՆ-ն որոշել է թուլացնել «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության նկատմամբ միակողմանի պատժամիջոցները, որպեսզի հնարավորություն ունենա ընկերությունից հատուկ թվային սարքեր ձեռք բերել, որոնք Մոսկվան օգտագործում է «Բաց երկնքի պայմանագրի» իրականացման շրջանակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պարզաբանելով պատժամիջոցների ռեժիմը փոխելու՝ ամերիկյան կառավարության մտադրությունը։

Ըստ աղբյուրի՝ «ԱՄՆ մոդիֆիկացրել է այն դրույթը, որը արգելում է․․․ «Ռոսօբորոնէքսպորտից» ու դրա ցանկացած դուստր ձեռնարկությունից կամ իրավահաջորդից ձեռք բերել էլեկտրաօպտիկ սենսոր, որն օգտագործվում է Ռուսաստանի դիտորդական օդանավերում «Բաց երկնքի պայմանագրի շրջանակում»։ «Այս գնումը ԱՄՆ-ին թույլ կտա ավելի լավ գնահատել Ռուսաստանի կողմից պայմանագրի կատարումը»,- հայտնել է ամերիկյան դիվանագետը՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչպես է ամերիկյան կողմը մտադիր օգտագործել այդ համակարգը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ դժվարացել է ճշգրտել, թե երբ ու քանի նման տեսախցիկ են ամերիկյան իշխանությունները մտադիր գնել «Ռոսօբորոնէքսպորտից»։