ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր «Թրամփ թաուեր» նստավայրում ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել ԱՄՆ ՏՏ ոլորտի հսկաների ձեռքբերումներն ու անհավանական նորարարությունները, հայտնում է BBC–ն։

Հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Թրամփի երեք զավակները ՝ Դոնալդ կրտսերը, Էրիկն ու Իվանկան, ապագա նախագահն իր հյուրերին վստահեցրել է, որ մտադիր է հիմնովին մեղմել միջազգային առեւտրի կանոնները։

Հանդիպմանը մասնակցել է Apple–ի ղեկավար Թիմ Կուկը, Amazon-ի հիմնադիր ու ղեկավար Ջեբ Բեզոսը, Tesla Motors-ի ղեկավար ու հիմնադիր Իլոն Մասկը, նաեւ Facebook–ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը։ Ներկա էին նաեւ IBM եւ Microsoft կորպորացիաների ներկայացուցիչները։

 Նրանցից բացի զրույցին մասնակցել է նաեւ Paypal-ի հիմնադիր Փիթեր Թիլը, որը Թրամփի թիմից Է։

Ակնկալվում է, որ Թիլը, որը Թրամփի կողմնակիցներից էր նախընտրական քարոզչության ժամանակ, հունվարից հետո կապող օղակի դեր է կատարելու նոր վարչակազմի ու տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների միջեւ։

Նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփը բազմից քննադատել է տեխնոլոգիական ֆիրմաներն ու նրանց ղեկավարներին՝ կոչ անելով բոյկոտի ու մեղադրելով նրանց հարկերից խուսափելու ու ԱՄՆ-ի փոխարեն արտերկրներում աշխատատեղեր ստեղծելու մեջ։ Վերջիններն էլ իրենց հերթին հաճախ կտրուկ դեմ էին արտահայտվում Թրամփի թեկնածությանը՝ հիմնականում պաշտպանելով նրա մրցակից Հիլարի Քլինթոնին։

Սակայն նորընտիր նախագահի ու նրա հյուրերի հանդիպումն անցել է  շատ ջերմ մթնոլորտում։ «Ես այստեղ եմ ձեզ օգնելու համար, որ դուք հաջողության հասնեք ձեր գործերում»,- ասել է Թրամփը հավաքվածներին։

Թրամփը հավաքվածներին առաջարկել է հանդիպել եռամսյակը մեկ ու քննարկել գործնական հարցերը։

Լրագրողներին ընդամենը մի քանի րոպե են թույլատրել ներկա գտնվել հանդիպմանը, որի հիմնական մասն անցել է փակ դռների հետեւում։

Ընդհանուր զրույցից հետո Թրամփն առանձնազրույց է ունեցել նաեւ Թիմ Կուկի ու Իլոն Մասկի հետ։ Զրույցի բովանդակությունը չեն հայտնում։