Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մի խումբ սիրիահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր լսել նրանց հուզող հարցերը եւ քննարկել լուծման տարբերակները:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Սիրիահայ գործարարները բարձրացրել են, մասնավորապես, տնտեսական ինտեգրման խնդիրներով զբաղվելու համար ստեղծված «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը, օրենսդրական դաշտին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցեր:
«Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երեւանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, եւ ձեր կայացումը մեզ համար չափազանց կարեւոր է», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին եւ պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:






























