Ուկրաինան եւ Վրաստանը հաղթահարել են ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի չեղարկման վերջին խոշոր արգելքը։ Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 15-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել անվտանգության մեխանիզմին, որը պետք է կանխի անվիզա ռեժիմի չարաշահումը այդ երկրի քաղաքացիների կողմից։ Համապատասխան փաստաթղթին կողմ է քվեարկել 485 եվրապատգամավոր, դեմ՝ 132-ը, իսկ 21–ն էլ ձեռնպահ են մնացել, հայտնում է DW–ն՝ վկայակոչելով եվրախորհրդարանի կայքը։
Դեռեւս նախքան քվեարկությունը ԵՄ–ն տարբեր մակարդակներով արձանագրել էր, որ Ուկրիանան, Վրաստանը եւ Կոսովոն հաջողությամբ կատարել են վիզային ռեժիմի չեղարկման բոլոր չափանիշները։ Սակայն չեղարկման որոշումը երկար ժամանակ հետաձգվում էր։ Այն պետք է ընդունի ԵՄ խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով։
Անվիզա ռեժիմի կասեցման մեխանիզմը սուր վեճեր է առաջացրել, սակայն ի վերջո այն ընդունվել է։ Եվրահանձնաժողովն իրավունք ունի 6 ամսով կասեցնել անվիզա ռեժիմը ոչ միայն արտակարգ դրության դեպքում, այլ նաեւ միգրացիոն հոսքի աճի ժամանակ։





























