Հայաստանում կպահպանվի հայ ձեռնարկատեր եւ բարերար Միքայել Արամյանցի ամառանոցը: Այս մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարեց, որ պետական պաշտպանությունը թույլ կտա պահպանել եւ քարոզել խոշոր գործչի եւ բարեգործի հիշատակը: Արամյանցի ամառանոցը գտնվում է Ախթալայում, Վրաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Միքայել Արամյանցը (1843 - 1922) ձեռնարկատեր է, որ Ցարական Ռուսաստանում նավթի արդյունահանմամբ մի քանի միլիոն ռուբլի է կուտակել: Նա ապրել է Բաքվում, ավելի ուշ՝ Թիֆլիսում: Ախթալայի տունը Արամյանցը պատվիրել է կառուցել 1900-ական թվականներին՝ Շվեյցարիա կատարած ուղեւորության տպավորությամբ: Այդ տանը հյուրընկալվել են Ֆյոդոր Շալյապինը, Հովհաննես Թումանյանը, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը: