Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ Խորհրդի նիստից հետո ինքը, սահմանված կարգի համաձայն, կներկայացնի ընդունված որոշումները: «Սակայն մեզանից սենսացիաներ մի սպասեք: ՀՀԿ Խորհուրդը 200 մարդուց է բաղկացած, եւ մեր Խորհրդում պարբերաբար փոփոխություններ են կատարվում՝ մարդիկ են լինում, որ Խորհուրդը լքում են, քանի որ նրա մեջ են մտնում ի պաշտոնե եւ ուղղակի ընտրությունների միջոցով: Ի պաշտոնե ՀՀԿ խորհրդի մեջ են մտնում տարածքային եւ շրջանային կառույցների ղեկավարները, նախարարները: Խորհուրդը կենդանի օրգանիզմ է եւ պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ չբացառելով, որ կուսակցության Խորհրդի մեջ նոր դեմքեր կմտնեն:





























