2016թ. մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ընտրական օրենսգիրքը որեւէ լուծում չառաջադրեց այն մտահոգությունների առումով, որոնք առկա էին ընտրական գործընթացների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն են տարածել 9 հասարակական կազմակերպություններ:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Դեռեւս հստակ չէ նաեւ, թե որքանով կապահովվեն հետագայում օրենսգրքի փոփոխություններով սահմանված տեխնիկական միջոցները:
2016թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես հոկտեմբերի 2-ին Վանաձոր եւ Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունները, թե՛ միջազգային, թե՛ տեղական կառույցների կողմից ընկալվում էին որպես փորձաքար եւ իրական ընտրական բարեփոխումներ կատարելու կամքի ցուցանիշ:
Այնուամենայնիվ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններն արձանագրեցին, որ նախընտրական քարոզչությունը եւ քվեարկության կազմակերպումը կրկին ընթացան անհավասար պայմաններում՝ վարչական ռեսուրսների չարաշահմամբ եւ ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ ոտնձգություններով:
Նախընտրական եւ հետընտրական շրջանն ուղեկցվեց նույնիսկ բռնության եւ հրազենի կիրառման դեպքերով: Էջմիածնում ընտրությունների նախօրեին գործող քաղաքապետի կողմնակիցների կողմից բռնության են ենթարկվել քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկը՝ Արթուր Թումանյանը եւ նրա թիմակիցները: Վանաձորում ֆիզիկական բռնություն է կիրառվել Լուսավոր Հայաստան կուսակցության համախոհի նկատմամբ։ Քվեարկության օրվանից հետո Հայկական վերածնունդ կուսակցության ցուցակը գլխավորող, Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Վանաձորում Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: Այս դեպքերի հետ կապված իրավաչափ քննություն չի իրականացվել եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Թեեւ, 2016թ. ընդունված Ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի եւ Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում եւ անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից», 2016թ. հոկտեմբերի 2-ի ընտրությունները կամայականորեն ամփոփվեցին նոր Ընտրական օրենսգրքի՝ դեռեւս չգործող 141-րդ հոդվածի դրույթներով՝ այդպիսով ապահովելով Գյումրու ավագանու ընտրություններում «Բալասանյան» դաշինքի անհիմն հաղթանակը:
Հարկ է նշել, որ նույն օրը մյուս 375 համայնքներում տեղի ունեցած համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխանաբար 2011թ. ՀՀ ընտրական օրենսգրքի 143 եւ 144 հոդվածներով, ինչպես եւ պահանջում է 2016թ. ընտրական օրենսգիրքը:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից օրենսգրքի՝ դեռեւս ուժի մեջ չմտած նորմերի կամայական եւ հակաօրինական կիրառումը վկայում է այն մասին, որ դրանք պատահականությամբ չեն կիրառվել եւ այդպիսով, ըստ էության, Գյումրիում կեղծվել են ընտրությունների արդյունքները: Այլ կերպ ասած, եթե Վանաձոր քաղաքում օրենքի նկարագրված խախտումը չի հանգեցրել արդյունքների աղավաղմանը, ապա Գյումրիում դա ազդել է ավագանու մանդատների բաշխման վրա, որի արդյունքում Գյումրիում ձեւավորված ավագանին լեգիտիմ չէ:
Այսպիսով, ՏԻՄ ընտրություններում հերթական անգամ տիրեց անպատժելիությունը եւ անպատասխանատվությունը որպես հիմնական վարքագիծ, որի ողջ պատասխանատվությունը կրում են ընտրությունների կազմակերպման եւ իրականացման համար պատասխանատու մարմինները, որոնք հերթական անգամ չապահովեցին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար պահանջվող չափանիշները:
ՀՀ իշխանությունները եւ ընտրական վարչարարություն իրականացնող մարմիններն, ըստ էության, ձախողեցին քննությունը եւ արդեն իսկ հստակ է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունը որեւէ կերպ չի ապահովելու 2017թ. խորհրդարանական ընտրությունների որակական բարելավումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Համագործակցություն հանուն ժողովրդավարության
Լուկաշինի Գյուղատնտեսական Ասոցացիա
«Բիոսոֆիա» ՀԿ
Մեր դիրքորոշումը մանրամասն կներկայացվի այսօր՝ ժամը 16:30-ին կայանալիք Վանաձոր եւ Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցի շնորհանդեսին:





























