Քաղաքական դաշինքները արդեն վաղուց իրենց սպառել են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դառնալու եւ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություններին, նա 2 հռետորական հարց ուղղեց. «Արդյոք մենք արդեն կրկեսի վերածելու երկիր ունե՞նք, եւ երկրորդը, Սեյրան Օհանյանի կազմած նոր ընդդիմության շտաբը նրա 4 հարկանի առանձնատու՞նը պիտի դառնա»:

Նույն խնդրի առնչությամբ, ասուլիսին ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց. «Ծառուկյանի պարագայում ցանկանում եմ նշել, որ քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների համար է։ Սեյրան Օհանյանի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ինքը ընդդիմադիր դառնալու հայտարարությամբ հանդես չի եկել»։

ՀՀԿ–ական Արտակ Դավթյանն էլ չցանկացավ մեկնաբանել այս տեղեկությունները, միայն ասաց, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն, որ ընտրությունները փոխադարձ հարգանքի միջավայրում անցնեն. «Առաջիկա ընտրությունները կարծում եմ՝ բավականին դրական մթնոլորտում կանցնեն եւ դրան առաջինը կնպաստի ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքական գործիչ Ծառուկյանին անվանելով չարիք երկրի համար: Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: