«1000 դրամի» մասին օրենքի նախագիծը պետք է ներառված լինի հարկային օրենսգրքում, քանի որ մարդիկ իրենց համաձայնությունը չեն տվել այդ օրենքի ընդունմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։  Նրա խոսքով ՝ օրենքի ընդունումը էմոցիոնալ ֆոնի վրա դրվեց, սակայն մարդ ինքը պետք է որոշեր՝ տալ, թե չտալ այդ 1000 դրամը։ «Բանակին աջակցություն միշտ էլ պիտի լինի, սակայն օրենքի ձեւը ճիշտ չէ։ Այստեղ հստակ տեսնում ենք, որ սա հարկատեսակ է, սակայն իշխանությունները ժխտում են դա։ Օրենքը հարկային օրենսգրքում ներառելուց բացի, մենք առաջարկել էինք նաեւ այդ 1000 դրամները վճարեն միայն նրանք, ում աշխատավարձը գերազանցում է 200.000 դրամը։ Այս ամենը շատ էմոցիոնալ ֆոնի վրա դրվեց: Ասվեց, որ յուրաքանչյուրն իր հոգու խորքից պիտի վճարի այս գումարը։ Իսկ դուք հարցե՞լ եք ՀՀ քաղաքացուն, նա ուզու՞մ է այդ 1000 դրամը վճարել։ Չէ որ խախտվում են մարդու իրավունքները»,–ասաց նա։

Հակադարձելով նրա խոսքին, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ այն չի կարող ընդգրկվել հարկային օրենսգրքում, քանի որ օրենքում նշված չէ, թե որքան պետք է լինի տուրքը վճարող քաղաքացու աշխատավարձի չափը։

«Այդ նույն սահմանադրությունում պարտադիր վճարների գաղափարը կա դրված։ Հարկային օրենսգրքում կներառվեր, եթե վճարը աշխատավարձի հետ կապեինք, այդ դեպքում այն կանցներ հարկային օրենսգիրք»,–ասաց Դավթյանը՝ հավելելով, որ օրենքը ամբողջովին համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

 «Ես չեմ հասկանում, ձեւակերպման հետեւից եք ընկել։ Հեսա դառնալու է «էշ մի սատկի, գարուն կգա»-ն։ Մենք այդ ընտանիքներին ասելու բան չենք ունենալու հասկանում եք։ Մեկ–մեկ ասում են, դե էկեք ծերերի, անապահովների համար էլ հավաքենք։ Այսինքն դուք կարծում եք, որ մեր անվտանգությունը կարելի է համեմատել անապահով խավի հե՞տ։ Հիմա վատ բան եմ ասում, բայց ավելի լավ չի քաղաքացին անապահով լինի, բայց լինի»,–իր խոսքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15–ին Հայաստանի Ազգային ժողովը 84 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը: