Չնայած եւրոպական չինովնիկները հայտարարում են, որ պետք է դադարեցնել ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ բանակցությունները, Անկարայի ու Բրյուսելի բանակցությունները այս կամ այն ձեւով կշարունակվեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։

Նրա խոսքով այդ հայտարարություները, ամենայն հաավանականությամբ, կոնյուկտուրային բնույթ ունեն։  «Այսպես թե այնպես, Անկարայի ու Բրյուսելի բանակցությունները այս կամ այն ձեւով կշարունակվեն, չնայած միանգամայն հնարավոր է, որ այս փուլում՝ առանց որոշակի արդյունքների»,- նշել է քաղաքագետը։

Նա համարում է, որ կողմերը շահագրգռված են նման բանակցություններում, քանի որ Բրյուսելի ու Անկարայի տնտեսական կապերն ու քաղաքական շփումները պայմանավորված են ներքաղաքական ու արտաքին քաղաքական բազմաթիվ գործոններով։ «Ինչպես գիտեք, հիմա Իդլիբում՝ Թուրքիայի հետ սահմանին, խտացած է զինյալների զգալի քանակություն, ու դժվար թե եվրոպացիները շահագրգռված լինեն, որ թուրքական իշխանությունները այդ պոտենցիալ «խաղաղ փախստականների» համար բացեն դեպի Արեւմուտք ճանապարհը, նրանց տրամադրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- նկատեց Արեշեւը։

Փորձագետի կարծիքով, ամենայն հավանականությամբ ամեն ինչ հակառակը կլինի ու Արեւմուտքում կսկսեն առավելագույն ջանքեր ձեռնարկել Սիրիայում հետագա  դիմակայությունը սադրելու համար։ «Իսկ դա իր հերթին թուրք գործընկերներին լրացուցիչ խաղաքարտեր կտա»,- շեշտեց նա։ Այդ ֆոնին, ըստ Անդրեյ Արեշեւի, ռուս- թուրքական հարաբերությունները, ինչպես եւ առաջ, ծայրաստիճան բարդ ու հակասական բնույթ կունենան։