Հայաստանի ու Վրաստանի լեռնադահուկային առողջարանները կարող են գրավել ռուսաստանցի դահուկորդներին, բայց դրա համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Alazani Group վրացական զբոսաշրջային ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Տուրչանինովան։

Վրացական առողջարանները որակով համեմատելի են ռուսականի հետ, իսկ գներով շատ ավելի էժան են, նկատեց նա։

«Հայաստանյան առողջարաններում ես եղել եմ։ Ձյունը լավն է, իհարկե, բայց ի՞նչ անես երեկոյան։ Նույն խնդիրն էլ Գուդաուրիում է։ Իսկ ռուսաստանյան առողջարանները այդ իմաստով առաջ են անցել։ Օրինակ Շերեգեշը։ Ամեն ինչ արդեն ավտոբուսից է սկսվում, որտեղ դահուկորդներին կրծքանշաններ ու խորհրդանիշներ են բաժանում։ Կան սրճարաններ, որտեղ կարելի է մտնել դահուկներ քշելուց հետո, երեկոյան կարող ես գնալ ակումբներ եւ այլն։ Այնտեղ մի քանի փառատոն է անցկացվում, մարդիկ ոչ միայն դահուկ քշելու համար են այնտեղ գնում, այլեւ տպավորությունների։

Իհարկե Վրաստանում ու Հայաստանում այդ ամբողջ ինդուստրիան դեռ զարգացած չէ։ Նման մի բան հիմա մենք մտադիր ենք Գուդաուրիում ստեղծել։ Նույնն էլ կարող են Հայաստանում հայկական տուրօպերատորներն անել»,- հավելեց նա։