The Trump Organization կազմակերպությունը, որի գլխավոր տնօրենն է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, չեղարկել է Ադրբեջանում հյուրանոցի շինարարության գործարքը ու մտադիր է հրաժարվել նաեւ Վրաստանում ծրագրված գործարքից, հայտնում է Associated Press–ը։

Գործակալության տվյալներով, Թրամփի ընկերության նման քայլը պայմանավորված է նրանով, որ նա շուտով ստանձնելու է նախագահի պաշտոնը։ Երկու արտասահմանյան նախագծերն էլ կապակցված են քաղաքական գործիչների հետ, ինչը բացասաբար կազդի Թրամփ նախագահի վարկանիշի վրա։

Նաեւ այս շաբաթ The Trump Organization կազմակերպությունը չեղարկել է հյուրանոցի շինարարությունը Բրազիլիայում։ Նոյեմբերի սկզբին, դեռ մինչեւ Թրամփի ընտրվելը Բրազիլիայում քրեական գործ էին հարուցել նրա ընկերության հյուրանոցի պատճառով։